Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտը ճաքել է մեջտեղից (լուսանկարներ)
Պետերմանի սառցադաշտը, որը համարվում է խոշորագույնը Գրենլանդիայում, ճաքել է մեջտեղից, ինչի մասին վյակում են ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հրապարակած կադրերը:
Գործակալության գիտնականների խոսքով` ճեղքի հետագա մեծացումը կարող է հանգեցնել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հսկայական այսբերգի առաջացմանը:
Հայտնի է, որ սառցադաշտի չափերը կազմում են 70х15 կիլոմետր: Միջադեպն ուսումնասիրող գիտնականների նախնական ենթադրությունների համաձայն` ճաքը կարող է վկայել նոր կղզու ձևավորման սկզբի մասին, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառցադաշտի մի մասը կարող է առանձնանալ: Սովորաբար, ճեղքերն առաջանում են սառցադաշտերի եզրերին, սակայն այս անգամ այն անցնում է համարյա դրա մեջտեղով:
Առանց հետագա ուսումնասիրությունների անհնար է համոզվածությամբ ասել` ինչպես է գոյացել ճեղքը, սակայն, գիտնականների խոսքով, պատճառն ամենայն հավանականությամբ սառցադաշտի մեջտեղի մասի շելֆի` ցամաքին հարող սառցադաշտի ստորջրյա հատվածի բարակելն է։
Դրանից բացի, վերջերս գոյացած ճաքը գտնվում է մեկ այլ ճաքի մոտակայքում, որն առաջացել է ավելի վաղ: Այդ երկու ճեղքերի հանդիպման դեպքում սառցադաշտի պառակտումն անխուսափելի կլինի: