Ավագանում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ հենց Տարոն Մարգարյանից. Միքայել Պողոսյան
Երգիչ, ռեժիսոր, Երևանի ավագանու ընտրությանը «Հանրապետական» կուսակցության ցուցակով առաջադրված Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցանկում ներառվելու մասին տեղյակ չի եղել։
Միքայել Պողոսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելիներս՝
Քանի որ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու գնահատականը իմ տարիների վաստակն է և, հետևաբար, թանկ է ինձ համար, դիմում եմ Ձեզ իմ խոսքով՝ հարթելու Ավագանու կազմում իմ թեկնածությունն առաջադրելու հետ կապված մի շարք թյուրիմածություններ:
Մեզ բոլորիս հուզող հարցերը մեկ անգամ չէ, որ ես բարձրացրել եմ իմ հեղինակած ստեղծագործություններում՝ վտանգելով անվտանգությունս և ինչու չէ՝ խաղաղ ապագաս…Սակայն ինձ միշտ էլ ուղղորդել են իմ համոզմունքները ու բարոյական սկզբունքները, և ես միշտ էլ գիտակցել եմ, որ պետք է անեմ այն, ինչը չանել իրավունք չունեմ...Փաստն այն է, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում որևէ կուսակցության չեմ պատկանել...Ավագանում ընդգրկվելու առաջարկը ստացել եմ հենց Տարոն Մարգարյանից՝ հստակ նշելով իմ դիրքորոշումը կուսակցական թոհուբոհին մասն չդառնալու մասին...Ընդունելով առաջարկը՝ ես միայն մտածել եմ, որ լինելով Ավագանու կազմի մեջ ՝ կկարողանում որևէ ձևով օգտակար լինել մեր քաղաքին...Ցավալին միայն այն է, որ արդյունքում տուժում է տարիների ընկերությունը, աղավաղվում մարդու անունը, ստվերվում՝ անցած ճանապարհը...Ինչևէ. հայցում եմ բոլորիդ ներողամտությունը և խնդրում ժամանակ՝ շտկելու այս խնդիրը, որը գտնվում է օրենքի շրջանակներում և, հետևաբար, ժամանակ է պահանջում...»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում տեղի ունեցածը մեկնաբանել էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել էր, որ Միքայել Պողոսյանն ասել է, որ թյուրիմացություն է եղել, քանի որ ինքը հասկացել է, թե լրագրողն ասում է, որ ՀՀԿ անդամ է դարձել։