Կարծում եմ՝ նոր խորհրդարանում հայհոյանքը պակասելու է. Մկրտիչ Մինասյան
Կարծում եմ՝ նոր խորհրդարանում հայհոյանքը պակասելու է. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ գործող պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով դեռևս չի կարող հստակ ասել՝ ինքը կլինի՞ 6-րդ գումարման ԱԺ-ում, թե ոչ: Նշենք, որ նա ՀՀԿ ցուցակի 42-րդ հորիզոնականում է:
Թե ինչու է ենթադրում, որ հայհոյանք ավելի քիչ կլինի, և թե որ պատգամավորներն են 5-րդ գումարման ԱԺ-ից գնում, որ դրանով պայմանավորված հայհոյանքն ավելի քիչ կլինի, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Անձի դաշտ մի տեղափոխեք: Հայհոյանք՝ ես բառի իսկական իմաստով չեմ ասում, թշնամանք նկատի ունեմ, ավելի կոնստրուկտիվ ընդդիմություն է, կարծում եմ, ձևավորվում, իսկ երբ իշխանությունն ու ընդդիմությունը կոնստրուկտիվ երկխոսության մեջ է, դրանից շահում է պետությունն ու իշխանությունը»:
Հարցին, թե նախորդ ԱԺ-ում միմյանց նկատմամբ թշնամանքը շա՞տ էր, Մինասյանը պատասխանեց. «Ցավոք, այո, կար թշնամանք: Բայց ընդդիմություն ասելով չպետք է հասկանանք դուշման, պետք է հասկանանք՝ երկրի կառավարման նկատմամբ այլ կերպ մտածող»:
Մկրտիչ Մինասյանը հստակ պնդեց, թե նոր խորհրդարանն, իհարկե, փոխված, նոր դեմքերով կլինի:
«Իհարկե կան նոր դեմքեր, կան երիտասարդներ, կան կյանքի փորձ ունեցող մարդիկ, մարդիկ, որոնք նախաձեռնողական բնավորություն ունեն, այդ իմաստով ԱԺ-ն իր դեմքը, կարծում եմ, փոխել է»,-ասաց նա:
Ընդդիմության հարցում, ըստ նրա, ևս փոփոխություն նկատելի է: «Կարծում եմ և՛ «Ելքը», և՛ «Ծառուկյան» դաշինքն իրենց կազմում ունեն լուրջ, կատարյալ քաղաքական գործիչներ, որոնք ցանկացած պահի կարող են ցանկացած երևույթի նկատմամբ վերաբերմունք դրսևորել, կոնստրուկտիվ քննադատության ենթարկել, որը կնպաստի իշխանության գործողություններն ավելի արդյունավետ դարձնելուն»,- ասաց նա և նշեց, թե կասկած չունի, որ ՀՀԿ-ի կողմից ձևավորված կառավարությունն էլ ամեն քայլ ձեռնարկելու է երկրի առջև ծառացած խնդիրներն ավելի արդյունավետ լուծելու համար: