Խորհրդատվական ընկերությունը մայիսի վերջին կամ հունիսին երթուղային նոր ցանցի նախնական առաջարկ կներկայացնի. Արթուր Գևորգյան
Բրիտանական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունն ընթացիկ տարվա մայիսի վերջին կամ հունիսին երթուղային նոր ցանցի նախնական առաջարկ կներկայացնի: Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
««Ասիական զարգացման բանկն» է առաջարկել, որ այդ մասնագիտացած կազմակերպությունը աշխատի: Նրանք պետք է ուսումնասիրեն Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտի ուղևորահոսքը, երթուղիները և դրա հիմքով կազմեն նոր երթուղային ցանց, որը կլինի ավելի էֆեկտիվ»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ այս պահին դեռ հստակ ինչ-որ առաջարկներ չկան։
Հիշեցնենք, որ 2017 թ. հունվարին Երևանի քաղաքապետարանի և «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ ընկերությունը մշակելու է երթուղային նոր ցանց, ինչպես նաև ինտեգրված սակագին և տոմսային համակարգ:
Արթուր Գևորգյանի խոսքով՝ երթուղային նոր ցանցի նախնական առաջարկի ներկայացումից հետո կազմակերպվելու են հանրային քննարկումներ, քանի որ մասնագիտացված կազմակերպությունը միայն համակողմանիորեն ուսումնասիրված եզրակացությունն է տալիս:
«Ընկերությունն իր առաջարկն է ներկայացնելու, բայց պետք է հասկանալ՝ առաջարկները ինչպիսի ծախսեր են ենթադրում, որքանով է դա իրատեսական, ավտոբուսներն աշխատելու են գազով, թե դիզելային վառելիքով, միասնական տոմս կլինի, թե ոչ, և այդ ամենն ինչ ազդեցություն կարող է ունենալ սակագնի վրա: Խորհրդատվական ընկերությունը նաև առաջարկելու է՝ ինչ տեսակի, ինչ տեղատարողության տրանսպորտային միջոցներ օգտագործել, քանի ավտոբուս, մի կետից մյուս կետը որքան է կազմելու։ Մի խոսքով՝ մասնագիտական որոշակի լուծումներ են տալու»,- հայտնեց Գևորգյանը: