Եգիպտոսի նախագահը երկրում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ոտքի է հանել ռազմական ուժերը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կիրակի հրահանգել է զինվորականների տեղակայել երկրի ողջ տարածքում:
Ինչպես տեղեկացնում է Jerusalem Post-ը` մեջբերելով նախագահի գրասենյակի հաղորդագրությունը, այս որոշումը երկրի ղեկավարը կայացրել է այսօր երկու քաղաքի եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց 43 մարդ է զոհ գնացել:
«Նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին` Զինված ուժերի գերգույն հրամանատարը, հրաման է արձակել զինվորական միավորումներին անմիջապես զորքեր տեղակայել երկրում` քաղաքացիական ոստիկանությանն աջակցելու և անվտանգությունն ապահովելու համար», -ասվում է նախագահի գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ:
Բացի այդ, հաղորդվում է, որ նախագահը երկրում 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստանձնել են Եգիպտոսի Ալեքսանդրիա և Տանտա քաղաքներում որոտացած պայթյունների պատասխանատվությունը:
Ավելի ուշ նրանք հայտարարություն են տարածել՝ սպառնալով նոր ահաբեկչություններ իրականացնել։