Եվրամիությունը խստացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները` ընդլայնելով երկրում ներդրումներ անելու և քաղաքացիներին և իրավաբանական անձանց ծառայություններ մատուցելու համար գործող արգելքը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ԵՄ խորհրդի որոշման մեջ:
«ԵՄ-ն որոշել է ընդլայնել ԿԺԴՀ-ում ներդրումներ անելու արգելքը` տարածելով այն նոր հատվածների վրա, մասնավորապես` սովորական տեսակի սպառազինման արդյունաբերության, մետաղագործության և օդատիեզերական ոլորների», - ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում հաղորդվում է, որ ԵՄ խորհուրդը որոշել է նաև արգելել որոշակի ծառայությունների տրամադրումը Հս. Կորեայի քաղաքացիներին և իրավաբանական անձանց, այդ թվում` համակարգչային և լեռնաարդյունաբերության հետ կապված ծառայություններ:
ԵՄ-ն ընդլայնել է նաև անհատական պատժամիջոցների ցանկը` այն համալրելով 4 անձանց անուններով, որոնք պատասխանատու են համարվում ԿԺԴՀ-ի միջուկային և բալիստիկ ծրագրերի իրականացման կամ աջակցության համար: Այժմ Եվրամիության պատժամիջոցների ցուցակում 41 քաղաքացիական և 7 իրավաբանական անձանց անուններ են նշվում: