Ավտոդիլերը 3.6 մլն եվրոյով վաճառքի է հանել դեռևս չարտադրված Bugatti Chiron հիպերքարը
Գերմանական Auto Seredin ավտոդիլերը դեռևս չարտադրված Chiron մոդելը վաճառքի է հանել 3.57 մլն եվրոյով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, դա մեկ մլն եվրոյով ավելի է, քան Bugatti-ի նորագույն մոդելի արժեքը: Գնի մեջ ավելացումն ավտոդիլերը բացատրում է մեքենայի համար հերթում շահեկան տեղով:
Վաճառքի է հանվել դեռևս չթողարկված մեքենան: Գնորդը կարող է մոդելի որոշ տարրեր հարմարեցնել իր նախասիրություններին: Հայտնի է նաև, որ հիպերքարը կառաքվի 2018-ի երկրորդ եռամսյակում: Համեմատության համար նշվում է, որ եթե մեքենայի պատվերը հիմա տրվի, այն կթողարկվի 3 տարուց:
2017-ին Bugatti–ն նախատեսում է ընդամենը 70 օրինակ թողարկել, իսկ մեքենաների ընդհանուր քանակը, որոնք նախատեսվում է թողարկել, 500-ն է: 2016-ի ավարտին ընկերությունը մոտ 220 օրինակ է վաճառել:
2016-ին ներկայացված «Շիրոնը» համալրված է լիաքարշակ համակարգով և 1500 ձիաուժ հզորությամբ, 8 լիտր ծավալային W16 տուրբոշարժիչով, որն աշխատում է 7 աստիճան փոխանցման տուփի հետ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժամ: