Կարակասում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ընդդիմադիր ցուցարարներին ցրելու համար
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների միջև, որոնց ոտքի է հանել ընդդիմությունը:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա, որոնք էլ, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների առաջխաղացումը դեպի քաղաքի կենտրոն կանխելու համար:
Նշվում է, որ քաղաքի կենտրոնական հատվածում կառավարամետ ակտիվիստները ևս երթեր էին նախատեսում իրականացնել: Հարյուրավոր մասնակիցներ փորձում էին երթով հասնել Ազգային ժողովի մոտ` պահանջելով կառավարությունից վերականգնել ընդդիմադիր մեծամասնության իշխանությունը:
Բողոքի ցույցերը երկրում ակտիվացել են Գերագույն դատարանի` անցյալ շաբաթ կայացրած որոշման ֆոնին, որով դատական մարմինը փորձում էր ստանձնել կառավարության լիազորություններն ու անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր պատգամավորներին: