Սանկտ Պետերբուրգի պայթյունի ականատեսները մանրամասներ են պատմել
Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում որոտացած պայթյունի ականատեսը RT-ին մանրամասներ է պատմել։
«Երբ գնացքը մոտեցել է, դրա վագոնի դուռը պոկած է եղել: Մարդիկ են դուրս վազել: Իրարանցում է սկսվել, քանի որ ամբողջ կայարանում ծուխ է լցվել: Շնչելը դժվարացել է»,-պատմել է Սանկտ Պետերբուրգի բնակիչ Եվգենի Կորոբովը:
Նրա խոսքով` ուղևորներից ոչ մեկը չգիտեր՝ ինչպես պահել իրեն: Շտապօգնության առաջին ավտոմեքենան ժամանել է 10 րոպե անց:
Մեկ այլ ականատես պատմել է, որ ինքը կայարանի մոտով անցել է պայթյունից 10 րոպե անց` մինչև շտապօգնության ժամանումը:
«Մենք ամեն ինչ տեսել ենք այնպես, ինչպես եղել է: Ծուխ, կարմիր այրուք. մարդիկ սևացած են եղել, ինչպես հրդեհից հետո: Մեր գնացքը կայարանն անցել է առանց կանգառի. որոշ մարդիկ վագոնում լացում էին», - պատմել է նա:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում 2 պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը:
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ: