Ոչ անհանգստացած եմ, ոչ էլ հուզված՝ քվեները բավարար կլինե՞ն, թե ոչ. Վարդան Բոստանջյան
Ապրիլի 2-ի ընտրություններին Գեղարքունիքի մարզն ընդգրկող Թիվ 8 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածու Վարդան Բոստանջյանը վաղ է համարում դիտարկումը, թե չի հաղթահարել անցողիկ շեմը խորհրդարան մտնելու համար:
«Իսկ ով ասաց, որ չեմ ստացել: Բոլոր դեպքերում ես հաշվարկների պրոցեսում մխրճված չեմ և այդ առումով ոչ անհանգստացած եմ, ոչ էլ հուզված։ Կլինի բավարար՝ կլինի, չի լինի՝ ուրեմն այդպես է օրենքով սահմանված կարգով»,-ասաց նա և նշեց, թե դեռ սպասում է մինչ համապատասխան մարմինները՝ ԿԸՀ-ն, ինչպես նաև կուսակցությունը կկայացնեն որոշում:
Բոստանջյանի խոսքով՝ 7024 ձայն է ստացել: «Ազնիվ մրցակցություն է, թե չէ, չեմ կարող բոլորի փոխարեն խոսել, կարող եմ իմ փոխարեն խոսել, որ ես մասնակցել եմ ազնիվ ընտրությունների»,-ասաց նա:
Բոստանջյանի համար զարմանալի չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Կարեն Բոթոյանը, ով խորհրդարանում շատ ելույթներով աչքի չի ընկել, ամենից շատ քվեներն է մարզում ստացել՝ 14932 ձայն. «Ուրեմն հասարակությունը, ընտրողները Բոթոյանին ավելի բարձր են գնահատել, ի՞նչ զարմանալու բան կա այդտեղ»:
Իսկ հարցին, թե ընդհանուր առմամբ «Ծառուկյան» դաշինքի քվեներն արդյո՞ք բավարար են համարում, Բոստանջյանն ասաց, որ իհարկե, ինչպես բոլոր ուժերը, իրենք էլ ավելի շատ ակնկալիք ունեին:
«Բայց արդյունքում տեսնում եք այն, ինչ պաշտոնապես գրանցված է»,-ասաց նա։
Նշենք, որ ռեյտինգային թեկնածուներից Գեղարքունիքի մարզն ընդգրկող Թիվ 8 ընտրատարածքում առաջատար եռյակում են՝ ՀՀԿ-ից Կարեն Բոթոյանը, որը ստացել է 14932 ձայն, երկրորդ տեղում նույն կուսակցության ներկայացուցիչ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է՝ իր 14430 ձայներով, երրորդ տեղում կրկին ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանն է՝ 13248 ձայնով: