Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում. Էրդողան
Թուրքիան կշարունակի ռազմական գործողություններ իրականացնել արտասահմանում`Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունն ավարտին հասցնելուց հետո: Այս մասին հայտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եփրատի վահան» գործողության առաջին փուլն ավարտվել է այն բանից հետո, երբ սիրիական Էլ Բաբը մաքրվել է ահաբեկիչներից: Այժմ մենք պատրաստվում ենք նոր գործողությունների՝ ահաբեկչական խմբավորումների դեմ այլ տարածաշրջաններում», - մեջբերում է Anadolu գործակալությունը նախագահի խոսքը:
Էրդողանի խոսքով` նոր գործողություններն այլ անուններ կստանան: Նա նաև նշել է, որ թուրքական իշխանությունները «նոր անակնկալներ» ունեն ահաբեկչական խմբավորումների համար:
«Մենք նոր անակնկալներ ունենք բոլոր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` Քրդական Բանվորական Կուսակցության, «Իսլամական պետության» և FETO-ի համար», - ընդգծել է նա:
Էրդողանը եզրափակել է, որ մեկ գործողություն ավարտվել է, սակայն «այն, ինչ պետք է արվի, կարվի»: