Շատ հավանական է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվի նոյեմբերին. ԵԽ պատվիրակության ղեկավար
Եվրամիությունը և Հայաստանը խորացնում են հարաբերությունները, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է, և շատ հավանական է, որ այն ստորագրվի նոյեմբերին՝ Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հաիդի Հաութալանը:
Նրա խոսքով` Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրն ապագայում կնպաստի ընտրական գործընթացների նկատմամբ հայ ընտրողի վստահության ապահովմանը, ինչի համար շատ կարևոր է քաղաքացիական հասարակության ներգրավումը:
«Ժողովրդավարությունը երբևիցե չավարտվող գործընթաց է: Կարծում եմ, որ մենք մեր միասնական ուղին վերանայելով, պետք է շատ անկեղծ ասենք՝ այն, ինչ տեսել ենք, բավարար չէ, այս համաձայնագրի իրագործումը ոսկե հնարավորություն կընձեռի նաև ընտրությունները դիտարկելու ընթացքում նկատած ձախողումները հաղթահարելու համար»,- ասել է Հաիդի Հաութալան:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը սերտորեն կաշխատի Հայաստանի ապագա Ազգային ժողովի հետ՝ աջակցելու բարեփոխումներին և ժողովրդավարացմանը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մաս հանդիսացող հանձնառություններին համապատասխան: