«Ելք»-ը չի բացառում, որ կարող է վիճարկել ընտրության արդյունքները. Գևորգ Գորգիսյան
Մեր իրավաբանները հիմա զբաղվում են մեր նկարած, արձանագրած բոլոր հնարավոր խախտումների ուսումնասիրությամբ, և եթե բավարար հիմքեր լինեն վիճարկելու համար, կվիճարկենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից պատգամավորի մանդատ ստացած Գևորգ Գորգիսյանը:
«Եթե խախտումներն այն ծավալի լինեն, որ դա կարողանա ազդել ընտրությունների արդյունքի վրա, մենք անպայման կբողոքենք»,- ասաց Գորգիսյանը:
Ըստ նրա՝ ամենամեծ խախտումը ընտրակաշառք բաժանելն էր: Գորգիսյանի տեղեկացմամբ՝ իրենք ընտրակաշառքի բաժանման բազմաթիվ դեպքեր են արձանագրել, բայց Ոստիկանությունը դրանց ընթացք չի տվել:
«Մեզ ընձեռված ամեն մի հնարավորությունը օգտագործելու ենք, որպեսզի մեր երկրում ամեն ինչ փոխենք: Սկսած հենց ընտրական գործընթացի նկատմամբ Ոստիկանության վերաբերմունքից»,- նշեց նա:
Հարցին, թե խորհրդարան անցած ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնո՞ւմ են, դաշինքը քննարկե՞լ է, Գորգիսյանը պատասխանեց. «Հանրապետականի հետ միանշանակ բացառում ենք, և այդ մասին բազմիցս հայտարարել ենք: Մյուս երկուսը, ինձ թվում է, մեզ հետ կոալիցիա չեն կազմի այն պարզ պատճառով, որ պատրաստվում են կոալիցիայի մեջ մտնել ՀՀԿ-ի հետ: Ինձ թվում է՝ մոտ օրերս նման զարգացումների ականատես կլինենք»: