Հրեա լուսանկարիչը 1944-ին Լեհաստանում թաղել է իր աշխատանքները` դրանք պաշտպանելով նացիստներից (լուսանկարներ)
1944 թվականի ձմռանը` Հոլոքոստի ամենասարսափելի ամիսներին, հրեա լուսանկարիչ Հենրիկ Ռոսն իր աշխատանքները տեղադրել է տուփի մեջ և թաղել այն: Ավելի քան մեկ տարի անց նա վերադարձել և հողի տակից հանել է այդ տուփը, և ֆոտոշարքի միջոցով նրա ներկայացրած պատմությունները մինչ օրս շատ արժեքավոր և ազդեցիկ են:
Bored Panda-ն գրում է, որ լեհական Լոձ քաղաքի բնակիչ Հենրիկ Ռոսը եղել է լուրերի և սպորտի սովորական լուսանկարիչ մինչև այն պահը, երբ 1939 թվականին գերմանական զորքերը ներխուժել են Լոձ: Այդ պահից ի վեր նա գոյատևել է` լուսանկարներ անելով նացիստների վիճակագրության դեպարտամենտի համար:
Այնուամենայնիվ, աշխատանքային ժամերին նա գաղտնի լուսանկարել է Լոձի գետոյի առօրյան` վտանգելով իր կյանքը: Նրան հաջողվել է լուսանկարել քաղաքի բնակիչների արտաքսումը մահվան ճամբարներ: Ցանկանալով խուսափել արտաքսումից` նա իր աշխատանքները տեղադրել է տուփի մեջ և թաղել իր տան մոտակայքում` ապագա սերունդների համար պահպանելով իր ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության ապացույցները:
1945 թվականին, երբ ԽՍՀՄ բանակն ազատագրել է Լոձ քաղաքը, Ռոսը վերադարձել և հողից դուրս է հանել իր լուսանկարները, որոնցից շատերը վնասվել են ստորգետնյա ջրերից: Այժմ նրա աշխատանքները գտնվում են կանադական Տորոնտո քաղաքի Օնտարիոյի գեղարվեստի պատկերասրահում:
Ստորև հրապարակում ենք Ռոսի` անվնաս մնացած լուսանկարները, որոնք պատմում են Լեհաստանում բնակվող հրեաների կյանքի, պայքարի և գոյատևման մասին: