Հավանաբար պարտքի զգացում ունենալով՝ մարդիկ ընտրեցին կաշառք բաժանողներին. Արտավազդ Սահակյան
Իմ՝ ընտրատարածքներում եղած ժամանակամիջոցում որևէ ընտրախախտում չի եղել․ Tert.am-ի հետ զրույցում գնահատելով երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունները՝ ասաց պլաստիկ վիրաբույժ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի ՀՅԴ ռեյտինգային ցուցակի թեկնածու Արտավազդ Սահակյանը:
«Բուն ընտրության օրը հանձնաժողովների մոտ ես Նոյեմբերյանում որևէ ընտրախախտում չեմ նկատել: Ամեն ինչ կատարվել է դրան նախորդող օրերին»,- ասաց նա՝ նշելով, որ համոզված է՝ ուղղորդումներ եղել են:
Արտավազդ Սահակյանի խոսքով՝ փոխվում է հասարակության պատկերը, չկա միջին խավ, որն առաջնորդվի իր սկզբունքներով:
«Համատարած բաժանվում է ընտրակաշառք, և մարդիկ հավանաբար իրենց նաիվ վարքով, հավանաբար պարտքի զգացում ունենալով՝ գնացին, ընտրեցին կաշառք բաժանողներին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե եթե ընտրակաշառքի հանգամանքը չլիներ, հավանականություն կա՞ր, որ ինքը կընտրվի, Արտավազդ Սահակյանը պատասխանեց․«Հավանականությունը շատ ավելի շատ կլիներ: Անցյալ անգամ, երբ ես առաջադրվել էի՝ 90-ականներն էին, 11 հոգու մեջ ես 70 տոկոս ձայն հավաքեցի՝ առանց ընտրակաշառք բաժանելու, առանց ստիպելու: Իսկ այս անգամ Տավուշում ընտրակաշառքը համատարած էր»: