Սանկտ Պետերբուրգի իշխանությունները 23 մլն ռուբլի են հատկացրել պայթյունի հետևանքով մահացածների և տուժածների ընտանիքներին
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները 23 միլիոն ռուբլի են հատկացրել մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների և մահացածների ընտանիքներին: Այս մասին ТАСС-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան:
«Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կարգադրությամբ բյուջեից 23 միլիոն ռուբլի կհատկացվի», - ասել է Միտյանինան:
Նա նաև նշել է, որ մահացածների ընտանիքներին կհատկացվի մեկական միլիոն ռուբլի, ծանր վնասվածքներ ստացածների ընտանիքներին` 500 հազարական ռուբլի, իսկ թեթև վնասվածքներ ստացածների ընտանիքներին` 250 հազարական ռուբլի:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում 2 պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասը մարդ: Հաղորդվում է 50 վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Ռուսաստանի Դաշնության Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի պայթյունի ենթադրյալ կազմակերպչի լուսանկարը: Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ: