«Օսկար-2017»-ի ժամանակ կատարված աղմկահարույց սխալմունքը մարդկային գործոնով է պայմանավորված եղել (տեսանյութ)
«Օսկար» կինոմրցանակաբաշխության 89-րդ արարողության ժամանակ սխալ հայտարարված հաղթող կինոնկարը, պարզվում է, եղել է PricewaterhouseCoopers (PWC) աուդիտորական և խորհրդատվական ընկերության աշխատակիցների սխալմունքը: Այս մասին գրել է USA Today ամերիկյան կայքը:
«Ի վերջո, մենք սխալ ենք թույլ տվել՝ պայմանավորված մարդկային գործոնով: Մեր գործընկեր Բրայան Քուլինանը, ով կանգնած է եղել բեմի ձախ կողմում, սխալ ծրար է փոխանցել Ուորեն Բիթին: Երբ մենք դա հասկացանք, անմիջապես տեղեկացրինք հանդիսատեսին», - հայտնել է ընկերության ներկայացուցիչ Թիմ Ռայանը:
PricewaterhouseCoopers–ին 1934 թվականից ի վեր վստահում են կինոգիտակների քվեաթերթիկների հաշվարկը, ինչը որոշիչ է Օսկարի համար:
Հիշեցնենք, որ միջոցառման սկզբում «Լավագույն ֆիլմ» էր հայտարարվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը, որը ներկայացված էր մրցանակաբաշխության 14 անվանակարգում և մի քանիսում արդեն հաղթել էր:
Սակայն, երբ «Լա Լա Լենդ»-ի անձնակազմը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է, բացել ծրարն ու հայտարարել սխալի մասին:
Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը: