Թրամփի նախկին խորհրդականին կոչ են արել ցուցմունք տալ Ռուսաստանի հետ ունեցած կապերի շուրջ
ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը պետք է ցուցմունք տա Կոնգրեսին՝ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի հետ ունեցած ենթադրյալ կապերի մասին: Այդ մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի պետի տեղակալ Ադամ Շիֆը, փոխանցում է Interfax–ը:
«Ես միանշանակ համոզված եմ, որ Մայքլ Ֆլինը պետք է գա և ցուցմունք տա...», - ասել է նա: Ըստ Կոնգրեսականի, եթե պարզվի, որ Ֆլինը փորձել է պատժամիջոցների վերացում խոստանալ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին, ապա «դա արդեն լուրջ խնդիր» կդիտվի:
Միևնույն ժամանակ, Ադամ Շիֆը հայտարարել է, որ «չգիտի, թե արդյոք նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի աշխատակազմը կապվել է Ռուսաստանի հետ, թե ոչ: Շիֆը կոչ է արել շտապ եզրակացություններ չանել: Ըստ նրա, նախ պետք է անցկացնել հետաքննություն՝ ընդգրկելով թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին, որպեսզի պարզվի ճշմարտությունը:
Ֆլինը ստիպված էր հրաժարական տալ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից մամուլի քննադատության հսկայական ալիքից հետո, որով նրան մեղադրում էին Ռուսաստանի դեսպանի հետ պատժամիջոցները գաղտնի քննարկելու մեջ: Նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ տվեց Ֆլինին հրաժարական տալ, քանի որ վերջինս ռուս դիվանագետի հետ իր շփումների ոչ բոլոր մանրամասներն էր հաղորդել: