Սիրիական Ռաքքան կարող է դառնալ ամենաթեժ բախումների կենտրոնը քրդերի, թուրքերի ու ջիհադիստների միջև. թուրք սյունակագիր
Թուրքական «Հաբերթյուրք» կայքի սյունակագրերից Ահմեդ Քյուչյուքը, անդրադառնալով, սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների պատրաստությանը նշել է, որ Ռաքքան կարող է դառնալ ամենաթեժ բախումների կենտրոնը, որտեղ կհանդիպեն քրդական ուժերը, թուրքական ԶՈւ-ն և սիրիացի ընդդիմադիրներն ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«Ռաքքան ամենամեծ պատերազմի վայրն է: Քաղաքի 80 տոկոսը սուննի արաբներ են: ԻՊ-ի կողմից սնուցվող ջիհադականների ամենախոշոր օղակներն այստեղ են», - գրում է սյունակագիրը:
Քյուչյուքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թեև Թուրքիան համառորեն պնդում է, որպեսզի Ռաքքայի գործողության մեջ քրդերը տեղ չգտնեն՝ Արևմուտքն ու հենց իրենք՝ քրդերը բոլորովին այլ կարծիքի են և բախումն անխուսափելի է երևում:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։