ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը խորհրդարանն այսօր ընդունեց առաջին ընթերցմամբ՝ 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկող պատգմավորներն էին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ կանոնակարգ օրենքը քանի որ սահմանադրական օրենք է, ապա պետք է ընդունվի առնվազն 3/5-րդով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում նախատեսվում են մի շարք փոփոխություններ Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերը աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինեն:
Երկուշաբթի օրը կլինի խորհրդի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո՝ երեքշաբթի օրն առավոտյան 10: 00-ից կսկսեն հերթական նիստերը և կշարունակվեն մինչև 18:00: Դրանք կարող են շարունակվել մինչ օրակարգի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր:
ԱԺ-ն ընդունեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին նախագիծը 95 կողմ, 0 դեմ և 7 ձեռնպահ ձայներով։
ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց: