Սառույց ու պինգվիններ. սիրահար զույգն ամուսնացել է Անտարկտիկայում (լուսանկարներ)
Ջանեթ Սիեհի և Ջորջ Յանգի հարսանեկան ֆոտոալբոմը մի պարզ պատճառով կտարբերվի մյուսների ավանդական հարսանեկան լուսանկարներից. սիրահար զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հավերժական սառույցների թագավորությունում՝ Անտարկտիկայում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, զույգի լուսանկարներում սառը ծովերից, ճերմակ սառցադաշտերից ու ծիծաղաշարժ պինգվիններից զատ այլ բան չկա:
Երեսունվեցամյա հարսնացուն, որը մասնագիտությամբ դերասանուհի է, ինչպես նաև մոդել, պատմել է, որ Անտարկտիդան միշտ էլ հետաքրքրել է իրեն:
«Ջորջի հետ նշանադրվելուց հետո հետաքրքրվեցի ու իմացա, որ Անտարկտիկայում նույնիսկ եկեղեցի կա: Դա ռուսական ուղղափառ եկեղեցի է, իսկ Ջորջն էլ կնքված է ու ուղղափառ քրիստոնյա է: Կարծում եմ՝ դա նշան էր ի վերուստ»,- պատմել է Ջանեթը՝ խոստովանելով, որ փեսացուին այս հարցում համոզելը շատ բարդ գործ էր:
Կինը նաև հավելել է, որ Անտարկտիկայում մի պահ ինքն ու Ջորջն արգելափակված են մնացել սառցադաշտի վրա: