Ինչ փուլում է փոխմարզպետների կրճատման առաջարկը. մարզպետներ
Հանրապետության մարզերում քննարկում են կրճատումների հարցը: Ինչպես տեղեկացրել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, վարչապետը հանձնարարել է մարզպետներից ստանալ առաջարկություններ կրճատումների մասին:
Նա նշել էր, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է կրճատել փոխմարզպետների հաստիքները, ինչի հիման վրա իրենք ուսումնասիրում են, թե քանի փոխմարզպետ կա հանրապետությունում, ինչ աշխատանքի վերաբաշխում կա նրանց միջև:
Tert.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ հանձնարարականը դեռ կատարման փուլում է: «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Հանձնարականի վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ին է, մենք առաջարկը ներկայացրել ենք, թե ինչ տեսլական ունենք այս հարցում: Առաջարկությունը դեռ պետք է քննարկվի, ինչից հետո կարող եմ լիարժեք տեղեկատվություն տալ»,- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Միաժամանակ, Գրիգորյանն ասաց, թե իր կարծիքով բոլոր փոխմարզպետներին կրճատելը հարցի լուծում չէ: «Տարբեր մոտեցումներ պետք է ցուցաբերել՝ հաշվի առնելով մարզի տարածքի մեծությունը, ազգաբնակչության թիվը և շատ ու շատ այլ գործոններ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե կոնկրետ հանձնարարական փոխմարզպետներին կրճատելու հարցով չի եղել: «Ընդhանուր խոսակցություն է եղել, կոնկրետ հանձնարարական չի եղել»,- նշեց Գյոզալյանը: Իսկ մարզպետի տեղակալներին կրճատելու մոտեցմանը, Գաբրիել Գյոզալյանը «և՛ կողմ է, և՛ դեմ», թե ինչո՞ւ, մարզպետը չմանրամասնեց՝ պատճառաբանելով, որ հանդիպման է: