Փարիզում սխալմամբ պայթեցրել են տուգանային հրապարակ տեղափոխված Porsche-ն
Փարիզում ոստիկանները որոշել են, որ տուգանային հրապարակ տեղափոխված Porsche Carrera S ավտոմեքենան ականապատված է, և սակրավորներ են կանչել այն պայթեցնելու համար: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Le Parisien-ին:
Ըստ հրատարակության տվյալների` անցած շաբաթ երիտասարդ ֆրանսիացին վարձակալել է ավտոմեքենան, ինչից հետո գիշերային ակումբ է գնացել: Երիտասարդը կայանել է Porsche-ն տաքսիների համար նախատեսված կայանատեղում, քանի որ ուրիշ ազատ տեղ չի եղել: Ակումբից դուրս գալուց հետո նա, հարբած վիճակում գտնվելով, տուն է գնացել տաքսիով:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկաններն ավտոմեքենան ուղարկել են հատուկ կայանատեղի, սակայն Ֆրանսիայում գործող արտակարգ դրության պատճառով մտավախություններ են ուենցել, որ այն կարող է ականապատված լինել, քանի որ ոչ ոք չի եկել դրա հետևից: Ժամանած սակրավորները պայթեցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը:
Երիտասարդը պատմել է, որ ավելի վաղ ոստիկանները կապվել են իր հետ, և ինքը խոստացել է գալ ավտոմեքենայի հետևից: Այնուամենայնիվ, ոստիկանները կանչել են սակրավորներին:
Նշվում է, որ նոր Porsche Carrera S ավտոմեքենայի արժեքը 100 հազար եվրո է: