Լոս Անջելեսում հայ համայնքը մասնակցել է Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորների ձերբակալության դեմ բողոքի ակցիային
Ամերիկահայ համայնքը մասնակցել է Լոս Անջելեսում Թուրքիայի Գլխավոր հյուպատոսության դիմաց անցկացված ակցիային`իրենց բողոքն արտահայտելու Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի և մյուս անդամների ձերբակալությունների դեմ:
Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, բողոքի խաղաղ ցույցն ուղղված է եղել Թուրքիայում նոյեմբերի 4-ին կատարված, ինչպես նաև հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո շարունակվող ձերբակալությունների դեմ:
Միջոցառումը կազմում է բողոքի ակցիաների շարքի մի մասը, որոնք կազմակերպում են ԱՄՆ-ի քրդական համայնքը և հասարակական կազմակերպությունները: