Վրաստանի կառավարության նոր կազմը հայտնի կդառնա նոյեմբերի 22-ին
Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին նախարարների նոր կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի երեքշաբթի` նոյեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով վրաց կառավարության մամլո ծառայությունը:
«9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո նախագահը խորհրդարանին է ներկայացրել վարչապետի թեկնածությունը: Հրամանագրի համաձայն` բոլոր նախարարները ներկայում ժամանակավոր պաշտոնակատարներ են: Վարչապետի պաշտոնակատար Կվիրիկաշվիլին ապագա նախարարների թեկնածությունները նոյեմբերի 22-ին կներկայացնի կառավարության վարչակազմին», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ուրբաթ կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո:
Ընտրությունների արդյունքով` «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 150 պատգամավորական տեղից 115-ը: Մյուս մանդատները ստացել են Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության` «Միասնական ազգային շարժման» և «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները: