Սամվել Բալասանյանին «քաղաքապետ դարձրած» ԸՕ դրույթը կարող է հակասահմանադրական ճանաչվել. փաստաբան
Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետը Սահմանադրական դատարանի կողմից կարող է հակասահմանադրական ճանաչվել, իրավաբանորեն հավանականությունը մեծ է։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի սահմանադրական դատարան ներկայացրած դիմումին, որով վերջիններս պահանջում են հակասահմանադրական ճանաչել ԸՕ 141 հոդվածի 5-րդ կետը։
Հիշեցնենք, որ դիմումը ստորագրել է ԱԺ 32 պատգամավոր։
Իրավաբանի դիտարկմամբ՝ հոդվածում սահմանված ամբողջական մեխանիզմներ չկան։
«ԸՕ 141 հոդվածի 5-րդ կետով նշվում է, որ եթե մրցակցող կուսակցություններից մեկը 40 տոկոսից ավելի ձայներ է ստանում, համարվում է բացարձակ մեծամասնություն, կարգավորված չէ հնարավոր դաշինքների հարցը, եթե ընտրություններից հետո դաշինք են կազմում, ապա ինչ ...»,- մանրամասնեց նա։
Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, որ անկախ նրանից՝ Սամվել Բալասանյանն իրականում բոնուսներով է կարողացել 40 տոկոսից ավել ձայներ ստանալ, թե ոչ, միևնույնն է սահմանադրության խախտում է տեղի ունենում. «Նշանակում է՝ մնացած 59 տոկոսը դեմ է եղել, որ նա քաղաքապետ լինի։ ժողովուրդը զրկվել է իր քվեով իշխանություն ձևավորելու իրավունքից։ Պիտի հոդվածի տվյալ կետում հատուկ նորմ սահմանվեր դաշինքների կազմման մասով, անկախ նրանից՝ ԸՕ-ում ընդհանուր կարգավորում կա, թե ոչ, կոլեգիալ մարմնի, տվյալ դեպքում ավագանու հետ գործ ունենալիս պիտի հաշվի առնել համագործակցության հնարավորությունը, դաշինքներ կազմելու հնարավորությունն այստեղ անտեսվել է»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա՝ ՍԴ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը կարող են հաջողության հասնել, եթե կարողանան խնդիրը ավելի մեծ հնչեղությամբ ներկայացնել։
«ՍԴ-ն պիտի կաշկանդված լինի հանրային վերահսկողությամբ, այդ պարագայում հաջողության հասնելու շանսերը մեծ են»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու ԲՀԿ, ՀՎԿ , «Գալա» խմբակցությունները պնդում են, որ ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասով ամրագրված բոնուսային կամ «ֆոկուսային» համակարգի արդյունքում ժողովրդի կողմից 34 տոկոս քվե ստացած փոքրամասնությունը կարողանում է դառնալ մեծամասնություն և արդյունքում Սամվել Բալասանյանը քաղաքապետի պաշտոնն է զբաղեցնում, ինչը հակասահմանադրական է։