Մերկելը 4-րդ անգամ կպայքարի Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելու համար
Անգելա Մերկելը կրկին կառաջադրի իր թեկնածությունը Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում: Deutsche Welle-ի հաղորդմամբ` այս մասին Մերկելը հայտարարել է կիրակի` Բեռլինում կայացած Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Իր առաջադրման մասին կանցլերը պաշտոնապես կհայտարարի նոյեմբերի 20-ի երեկոյան կայանալիք մամլո ասուլիսում:
Խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կորոշվի, թե ով է զբաղեցնելու դաշնային կանցլերի պաշտոնը, Գերմանիայում կանցկացվեն 2017-ի ամռան վերջին կամ, ամենայն հավանականությամբ, աշնանը:
Եթե Մերկելը կրկին ղեկավարի երկրի կառավարությունը, դա կլինի նրա 4-րդ ժամկետն այդ պաշտոնում: Կանցլերի պաշտոնը նա զբաղեցնում է 2005 թվականից ի վեր:
Վերջերս իրականացված հարցման համաձայն` գերմանացիների մեծամասնությունը կողմ է կանցլերի պաշտոնում Մերկելի վերընտրմանը: Նման կարծիք է հայտնել հարցվածների 55 տոկոսը, իսկ 39 տոկոսը դեմ է եղել: