Վճարովի և պետական ճանապարհների որակների միջև hնարավոր է էական տարբերություն առաջանա. Վիլեն Խաչատրյան
Գուցե կառաջանա էական տարբերություն կոնկրետ վճարովի ճանապարհների և պետական ճանապարհների որակների միջև, քանի որ մասնավորը ձգտելու է ավելի որակյալ կառուցել՝ հաշվի առնելով, որ դրա համար քաղաքացին նաև վճարում է։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝անդրադառնալով ՝ «Հյուսիս–Հարավ» ավտոմիջանցքի որոշ հատվածների վճարովի դառնալու հավանականությանը։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյան հայտարարել էր, որ բոլոր այն հատվածներում, որտեղ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է երթևեկությունը դառնալ վճարովի։ Խոսքն, ըստ նախարարի, հիմնականում թունելային կամ կամրջային մասերին է վերաբերում, բայց հարցը դեռ քննարկման փուլում է։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ համաշխարհային պրակտիկայում ընդունված է մասնավոր այլընտրանքային ճանապարհների գաղափարը, որոնք լինում են վճարովի, այսինքն՝ մասնավոր հատվածը ներգրավվում է տվյալ ճանապարհի շինարարությանը և ծախսերը փոխհատուցելու համար սահմանվում են որոշակի վճարներ։
«Այդպիսի ճանապարհների կառուցումը մեծ ծախսեր է ենթադրում և այդ ճանապարհներից կօգտվեն այն մարդիկ, ովքեր հիմնականում ժամանակի խնդիր ունեն, քանի որ ավելի կարճ նախատեսված կլինի։ Խնդիրն այն է, թե այ այլընտրանքային ճանապարհները որտեղով կանցնեն, և, կարծես, այստեղ ևս կառաջանա մրցակցության հարց: Կոնկրետ մասնավոր հատվածն ավելի նպաստավոր տարածքներով պետք է անցնի, որպեսզի նաև հիմնավորի վճարովի լինելու հանգամանքը, իսկ պետական միջոցներով ֆինանսավորված ճանապարհը գուցե կլինի շատ ավելի երկար և ոչ հարմարավետ»,- մանրամասնեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ լինելու է շահերի բախում և գուցե պետական ճանապարհին ուշադրություն չդարձնեն, որպեսզի հոսքերն ուղղվեն մասնավոր հատված և լինեն վճարովի, քանի որ Հայաստանում սովորաբար պետական հատվածն ինչ-որ տեղ նաև ծառայեցվում է մասնավոր հատվածին:
«Այսինքն՝ ինչ-որ տեղ մասնավոր-պետություն այս համագործակցությունն առողջ հիմքերի վրա չի դրված: Ճիշտ մոդելն այն կլինի, որ պետություն-մասնավոր հատված՝ երկուսը միասին համագործակցելով տարբեր ֆունկցիաներ իրար մեջ բաժանեն»,- ասաց տնտեսագետը։