Դա բարոյական նախագիծ է. Էդուարդ Շարմազանովը «1000 դրամ ծրագրի» մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ նիստը քիչ առաջ ավարտվեց: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են մի շարք հարցեր, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ հնարավոր անդամակցության հարցը այսօր չի քննարկվել:
Անդրադառնալով զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում որպես փոխհատուցում քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000-ական դրամ հավաքագրելու նախաձեռնությանը՝ նա ասաց, որ այն բարձր և դրական են գնահատում:
«Այն միտված է ՀՀ անվտանգության բարձրացմանը, համերաշխություն և պատասխանատվություն քարոզելուն, ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանը և ընկալմանը: Դա բարոյական, շատ կարևոր նախագիծ է, և այն բոլոր խնդիրները, որոնք կան, չպետք է կապել այս նախագծի հետ, թացը չորի հետ չպետք է խառնել»,-ասաց նա և նշեց, որ հիմնադրամի բոլոր գումարները պետք է ծախսվեն հնարավորինս թափանցիկ։
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այս նախաձեռնությունը նախ և առաջ հասարակության լայն զանգվածներից, այսպես ասած՝ ներքևից եկած նախաձեռնություն է»,-ասաց նա և նշեց, որ բոլորն ականատես եղան, թե ինչպես ապրիլին ժողովուրդն իր վերջին լուման ներդրեց զինվորների խնդիրների լուծման համար, մահացածների ընտանիքներին, վիրավորվածներին օգնելու համար:
«Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քաղաքական իշխանությունը միշտ պետք է պատրաստ լինի վատ սցենարի»,-ասաց նա և մեջբերեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերը, ըստ որի՝ այսօր մենք գործնականում նոր պատերազմի չենք պատրաստվում, հասարակությանը խաղաղության ենք պատրաստում, սակայն հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Բաքվից, Անկարայից հնչող ապակառուցողական հայտարարությունները՝ երկար տարիներ առանցքում պետք է ունենալ անվտանգության համակարգի ամրապնդումը:
«Այսօր անհրաժեշտ է կոնսոլիդացիա ազգային խնդիրներ լուծելու համար»,-ասաց նա: