ՀՀԿ-ին երկիշխանություն չի սպառնում. Էդուարդ Շարմազանով
Դանդաղ շտապեք, կապրենք՝ կտեսնենք: Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք օրակարգային է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու որոշումը:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ համագումարին, ապա խոսնակն ասաց, որ իրենց մոտ միշտ եղել է մեկ ղեկավարի կուսակցություն:
«Մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, այն երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը»,-ասաց նա և նշեց, որ չի կարծում, թե որևէ պատվիրակ կարող է կասածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդը չի լինելու Սերժ Սարգսյանը:
«Մենք երկար ժամանակ աշխատելու ենք նրա ղեկավարության ներքո»,-ասաց նա և նշեց, որ իրենք պատասխանատու քաղաքական ուժ են, չեն շտապում և երբ ժամանակը կգա, կներկայացնեն նախընտրական ծրագրերը, իսկ հիմա զբաղված են համագումարի կազմակերպչական աշխատանքներով:
Հիշեցնենք, որ անդրադառնալով զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում որպես փոխհատուցում քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000-ական դրամ հավաքագրելու նախաձեռնությանը՝ Շարմազանովն ասել էր, որ այն բարոյական և շատ կարևոր նախագիծ են համարում։