Ֆրանսիայում այսօր ոգեկոչել են Փարիզի ահաբեկչության 1-ամյա տարելիցը
Ֆրանսիայում այսօր կայացել են 2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է France 24 հեռուստաալիքի կայքը, երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը հուշատախտակներ է բացել մայրաքաղաքի այն վայրերում, որտեղ պայթյուններ էին տեղի ունեցել` սկսած «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից, որտեղ այդ օրը ֆուտբոլային հանդիպում էր անցկացվում Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային հավաքականների միջև:
Ֆրանսուա Օլանդը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հուշատախտակներ են բացել նաև ռեստորանի և «Բատակլան» համերգասրահի մոտ, որտեղ ևս պայթյուններ էին իրականացվել:
Հիշատակման արարողության ընթացքում ընթերցվել են համերգի ժամանակ զոհված 90 մարդկանց անունները:
Նշենք, որ «Բատակլան» համերգասրահը փակ է եղել ահաբեկչությունից հետո և վերաբացվել է նախօրեին` ռոք երգիչ Սթինգի համերգով:
Փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակը թվիթերյան գրառմամբ ոգեկոչել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած մի շարք պայթյունների հետևանքով Փարիզում 130 մարդ էր զոհվել, այդ թվում՝ 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը: