Toyota-ն 3.4 մլրդ դոլար կվճարի ժանգոտող մեքենաների համար
Ճապոնական Toyota Motor Corp մեքենաշինական ընկերությունը համաձայնության է եկել ԱՄՆ-ի դաշնային իշխանությունների հետ Tacoma, Tundra և Sequoia մոդելի մեքենաներում առկա անսարքությունների հարցով ներկայացված հայցի վերաբերյալ:
Ինչպես նշում է Reuters-ը, ընկերությունը համաձայնել է 3.4 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել վերոհիշյալ մեքենաների այն տերերին, որոնց փոխադրամիջոցներում առկա են գործարանային խոտաններ, որոնց հետևանքով մեքենաները ժամանակից շուտ ենթարկվում են կոռոզիայի:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.5 մլն մեքենայի՝ մասնավորապես՝ 2005-2010թթ. արտադրված Tacoma, 2005-2008թթ. արտադրված Sequoia և 2007-2008թթ. արտադրված Tundra-ներին:
Ըստ նախապես իրականացված հաշվարկի՝ մեքենատերերից յուրաքանչյուրին վճարվելու է ավելի քան 15.000 դոլար:
Toyota-ի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են լուծել ծագած բոլոր խնդիրներն իրենց փոխադրամիջոցների որակն ու հուսալիությունն ամուր պահելու, ինչպես նաև վարորդներին գոհացնելու համար: