Իտալիայում կինը տուգանվել է 30 հազար եվրոյով` նիկաբը չհանելու համար
Իտալիայում ալբանական ծագմամբ 40-ամյա կինը դատապարտվել է 30 հազար եվրոյի չափով տուգանքի` հասարակական վայրում նիկաբը հանել հրաժարվելու համար:
ТАСС-ը գրում է, որ Պորդենոնե քաղաքի դատավորն այս չափի տուգանք է սահմանել` դրանով փոխարինելով չորս ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ` քաղաքային խորհրդի բաց նիստի ժամանակ: 2000 թվականից այնտեղ բնակվող և վերջերս Իտալիայի քաղաքացիություն ստացած կինը հրաժարվել է հանել ավանդական մուսուլմանական գլխաշորը, որը բաց է թողնում միայն աչքերը՝ չնայած քաղաքապետի պահանջին: Կինը դուրս է բերվել սրահից և մեղադրվել հասարակական կարգի խախտման համար:
Նշվում է, որ Իտալիայում 1975 թվականից օրենք է գործում, որն արգելում է հասարակական վայրերում ծածկել գլուխը և դեմքը: Այս օրենքն ընդունվել է հանցավորության դեմ պայքարի համար: