«Ժողովուրդ». Նորք-Մարաշի հանցախմբի գործով անցնողների թիվը հասել է մոտ 300-ի
«Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծվեց «հանցավոր խմբավորում», ինչի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը միայն վերջերս է ավարտվել։ Բայց անգամ գործի հաստափոր նյութերի ուսումնասիրությամբ հնարավոր չէ պարզել, թե ով է, ի վերջո, հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, ում հրահանգով էր գործում, ինչ առարկայական նպատակ ուներ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում գտնվող գործի վերաբերյալ «Ժողովուրդ»–ին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։ «Հանցախմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բոլոր նրանց, ում հետ զրուցել է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու թեմայի շուրջ, ձայնագրել է։ Նա ձերբակալման պահից ի վեր ցուցմունքներ է տվել այն մասիև, որ հանցախումբ է կազմել, փորձել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, հարձակում գործել պետական կառույցների վրա։ Սակայն արդեն վերջին փուլում Ա. Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է նախկինում իր տված բոլոր ցուցմունքներից, անդամներից որևէ մեկը նախապես չի իմացել իր ծրագրերի մասին։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաև, որ այս գործով անցնողների թիվը նախապես հրապարակված 18 անձանցից հասել է մոտ 300-ի, որոնց միայն մի մասն է գտնվում կալանքի տակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։