Վանաձորում մահացած ծննդկանի դատաբժշկական փորձաքննությունից հետո կպարզվի, թե որ բժշկի գործողություններն են առաջացրել մահ. փաստաբան
Հոկտեմբերի 18-ին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անի Չատինյանը, ով տուժողի իրավահաջորդ ճանաչված Նազլուխանյանի ամուսնու ներկայացուցիչներից մեկն է:
Փաստաբանը հայտնեց, որ հոկտեմբերի 20-ին քրեական գործ է հարուցվել Քր. օր. 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. «Քրեական գործը հարուցվել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը»:
Անի Չատինյանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե հատկապես որ բժշկի նկատմամբ է հարուցվել քրեական գործ և որ գործողությունների հետևանքն է առաջացրել մահ. «Դա կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից և համալիր հանձնաժողովային փորձաքննություններ անցկացնելուց հետո»:
Tert.am-ի հետ զրույցում Հռիփսիմե Նազլուխանյանի հորաքրոջ աղջիկը՝ Ռիտա Մնացականյանն ասաց, որ իրենց ընտանիքին ու նաև բժիշկներին ճանաչող մեկ անձ փորձել է որպես միջնորդ հանդես գալ ու մեծ չափի գումար առաջարկել իրենց՝ հավանաբար բողոքը հետ վերցնելու համար. «Հռիփսիմե Նազլուխանյանի ամուսնուն գումար են առաջարկել, ինչը, ըստ իմ ենթադրության, բողոքը ետ վերցնելու համար է, այլապես հենց այնպես գումար չեն առաջարկում»:
Հարցին՝ ո՞ւմ անունից են գումար առաջարկել, Հռիփսիմե Նազլուխանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ. «Ես Նազլուխանյանի ամուսնուն հարցրեցի, իսկ ինքն ասաց՝ թեման փակված է»:
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է հոկտեմբերի 18-ին՝ առաջին ծննդաբերությունից ժամեր անց: Նա լույս աշխարհ է բերել որդի, որի առողջական վիճակը նորմալ է: