Ֆրանսիացի երգիծաբանը մտադիր է փակվել վանդակում մինչ կենդանիների կացարանի բոլոր շները տերեր գտնեն
Հայտնի ֆրանսիացի երգիծաբան Ռեմի Գայլարը հայտարարել է, որ փակվելու է ֆրանսիական Մոնպելյե քաղաքի շների կացարանի վանդակներից մեկում, մինչ այնտեղ բնակվող բոլոր 300 կենդանիները տերեր ունենան:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Գայլարը հայտնի է իր զավեշտալի, երբեմն էլ վրդովեցնող կատակներով, սակայն այս անգամ նա լուրջ մտադրություն ունի հրավիրել մարդկանց ուշադրությունը շատ նուրբ հարցի` լքված շների աղետալի վիճակի շուրջ:
Ֆրանսիացին մտադիր է իր ակցիան սկսել նոյեմբերի 11-ին և փակվել շան վանդակում, որտեղ նա կմնա մինչև բոլոր շները կորդեգրվեն կամ մինչև իրեն հաջողվի 55 700 դոլար նվիրատվություն հանգանակել` կենդանիների համար լավ պայմաններ ապահովելու համար:
Երգիծաբանը մտադիր է ուղիղ հեռարձակմամբ ներկայացնել ողջ իրադարձությունն իր ֆեյսբուքյան էջում: