Վահան Բաբայանը մտադիր է դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ և մտնել ՀՀԿ ցուցակ
Մինչ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում սուր մրցակցություն է խորհրդարանական համամասնական ցուցակ մտնելու շուրջ, ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հայտ է ներկայացնում «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացած Վահան Բաբայանը:
Օրեր առաջ «Ռեֆորմիստների» համագումարում որոշվեց, որ կուսակցությունը դաշինքով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, սակայն թե որ ուժի հետ կլինի դաշինքը, չբացահայտվեց:
«Կարծում եմ՝ ավելի ճիշտ ու ավելի արդյունավետ կարող է լինել ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Ես և իմ թիմը կիսում ենք հանրապետության Նախագահի ծրագրերը և այն ծրագրերը, որոնք միտված են ՀՀ բարեփոխմանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստների» նախագահ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
Շուրջ 6 կուսակցությունում եղած Վահան Բաբայանն այսօր այլ կուսակցությունների հետ համագործակցության հնարավորություն չի տեսնում, քանի որ, ըստ նրա, «միայն ՀՀԿ-ն քաղաքական ծանրակշռության տեսանկյունից այդ լրջությունն ունի»:
«Ես չեմ կիսում ընդդիմադիր այն տեսակետները, որոնք այսօր կան: Պատճառներից մեկն էլ դա է եղել, որ ես դուրս եմ եկել ԲՀԿ-ից»,-ասաց Բաբայանը:
Հարցին, թե նույն ՀՀԿ-ում այսօր շատ մեծ մրցակցություն կա ՀՀԿ ցուցակում լինելու առթիվ, կարծում է, իր համար տեղ կգտնվի՞ ՀՀԿ-ի ցուցակում, Բաբայանն ասաց. «Իմ համար ինքնանպատակ չի ցուցակներում տեղ գտնելը կամ ամեն գնով հայտնվել այնտեղ, որտեղ ինձ չեն սպասում: Եթե մարդիկ կգտնեն, որ իմ տեղում արժանի են կամ ես եմ արժանի լինելու այլ տեղում... բնական է, որոշողները որոշում են, իսկ ամենակարևոր որոշողը քաղաքականության մեջ, կարծում եմ, մեր հասարակությունն է»:
Միևնույն ժամանակ Վահան Բաբայանը դեռ համագործակցության առաջարկ չի արել ՀՀԿ-ին:
Հետաքրքրվեցինք նաև, թե չի՞ կարծում, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինքը պարզապես ուզում է իշխանության մեջ մնալ ու պատգամավոր լինել, և դա է պատճառը, որ սկսեց հավանել իշխանության գործունեությունը:
«Եթե կան ծրագրեր, որոնք կարող ես իրագործել և նպատակներ, որոնց համար կարելի է գնալ առաջ, կարծում եմ, նման կարիքները չեն կարող խանգարել աշխատող ու գործունյա մարդկանց: Քաղաքականությունը մի ոլորտ է, որտեղ մարդիկ ձգտում են իշխանության, և դրա մեջ վատ բան չկա: Առանց իշխանության մեջ կազմելու որևէ հարց լուծելու հնարավորություն չկա»,- հայտարարեց Բաբայանը: