ԱՄՆ-ն մտահոգված է թուրքական Cumhuriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությամբ
ԱՄՆ-ն մտահոգված է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությամբ: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին երկուշաբթի լրագողներին է հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ աճող պետական ճնշմամբ, այդ թվում` այսօր Թուրքիայի ամենահեղինակավոր թերթերից մեկի` Cumhuriyet-ի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուի ձերբակալությամբ», - ասել է Կիրբին:
Վերջինիս խոսքով`ԱՄՆ-ն կողմ է այն անձանց պատժելուն, ովքեր պատասխանատու են եղել հուլիսյան պետական հեղաշրջման փորձի համար, ինչպես նաև աջակցում են Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում:
«Սակայն խոսքի ազատության և կարծիք հայտնելու ու մամուլի ոտնահարումը չի օգնում ահաբեկչության դեմ պայքարին, այլ միայն խոչընդոտում է հիմնարար ազատություններին, որոնք ապահովում են ուժեղ ժողովրդավարությունը», - հավելել է Կիրբին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` դատապարտելով թուրքական Cumhuriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրի ձերբակալությունը: