Հալեպում տեղի ունեցող բախումները հայկական թաղամասերից հեռու են
Հալեպում երեկվանից ավելի մեծ թափ ստացած ահաբեկչական հարձակումներն առայժմ չեն անդրադարձել հայկական թաղամասերի վրա, այս մասին tert.am-ին հայտնեց Հալեպի մեր աղբյուրը:
Ռուսական բանակի կողմից զինված գործողությունների դադարեցումը, թեև մտահոգություն է առաջացրել նաև Հալեպի հայկական համայնքում, սակայն առայժմ անմիջականորեն չի ազդել հայաշատ թաղամասերում տիրող իրավիճակի վրա:
«Չնայած այն հանգամանքին, որ Ասադի ուժերն ու ռուսական բանակն այս օրերին Հալեպում մեծ առաջընթաց գրանցեցին, երեկվանից սկսած և՛ սիրիական բանակը և՛ ռուսական ուժերը հետընթացի մեջ են: Իրադարձությունները հայկական թաղամասերից հեռու են զարգանում առայժմ, սակայն Հալեպի հայությունը լարված է: Որովհետև եթե ահաբեկիչները կարողանան ռուսական ուժերի հսկողության տակ եղած թաղամասեր ներթափանցել՝ ծանրագույն կացություն կստեղծվի ամբողջ Հալեպի համար, որն էլ անմիջականորեն կանդրադառնա նաև հայերի վրա»,- հայտնում է Հալեպի հայազգի բնակիչներից մեկը:
Նշենք, որ վերջին երկու օրվա ընթացքում Հալեպում ահաբեկիչների կողմից իրականացված հարձակումների արդյունքում մահացել է 15 հոգի, վիրավորվել՝ 150-ը: