Ճիշտ է` մայր ու աղջիկ մի հիմնարկում չպետք է աշխատեն, բայց դա իմ ընտանիքին չի վերաբերում. Օպերայի աշխատակից
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ադմինիստրատոր Ժիրայր Տիգրանյանը, ում ընտանիքի ևս 3 անդամ աշխատում է Օպերայում, համամիտ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որ մայր ու աղջիկ մի հիմնարկում չպետք է աշխատեն:
«Շատ ճիշտ բաներ է ասում վարչապետը, իրոք, սիրուն չէ, մայր ու աղջիկ, հարս ու սկեսուր... սիրուն բան չի, իրոք: Բայց վարչապետի ասածն իմ ընտանիքին չի վերաբերում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Տիգրանյանը:
Նշենք, որ Օպերայի աշխատակիցներից ոմանք հենց Տիգրանյանների ընտանիքին էին մատնանշել որպես «մայր ու աղջիկ» սխեմայի դասական, ավելին` գրոտեսկային օրինակ, երբ մեկ ընտանիքից 4 հոգով աշխատում են նույն հիմնարկում. պարոն Տիգրանյանն ինքը ադմինիստրատորն է /զբաղվում է տոմսերի վաճառքով/. կինը երգում է երգչախմբում, որդին` Հայկ Տիգրանյանը մեներգիչ է, իսկ մյուս որդին տեխնիկական մասի` բեմի լուսարձակների, ձայնային էֆեկտների հարցերով զբաղվող մասնագետ է:
«Իմ կինը երգչուհի՞ է, որտե՞ղ, երգիչ է Հայկը, զանգեք հարցրեք`առաջատար մեներգիչ է, այնպես, որ շատ ճիշտ է ասում պարոն Կարեն Կարապետյանը, բայց սա մեր ընտանիքին ոչ մի կերպ չի կարող վերաբերել»,- ասաց Տիգրանյանը:
Նա, ի դեպ, հետաքրքրվելով, թե Օպերայից ով է նման տեղեկություն հայտնել և ստանալով պատասխան, որ կարևոր չէ, ասաց. «Երևի հենց այդ ասողներն իրենք ամբողջ ընտանիքով աշխատում են: Կան մարդիկ»: