Դուք Երևանում եք, ձեր մաշկի վրա պիտի զգաք փոփոխությունները, իսկ ես հեռու եմ. Մանվել Բադեյանը նոր կառավարության մասին
Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը հետևում է Հայաստանի ներքաղաքական կյանքին: Tert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախկին պատգամավորն ասաց, որ տեղյակ է՝ Հայաստանում վարչապետ է փոխվել, նոր կառավարություն է ձևավորվել:
«Վստահ եմ, որ դրական սպասումները, ակնկալիքները, որոնք ձևավորվել են նոր կառավարության հետ կապված, կարդարացվեն: Կարեն Կարապետյանի թիմը, կարծում եմ՝ լավն է»,- նշեց Մանվել Բադեյանը:
Հարցին՝ նոր կառավարությունն էլ նախորդների պես գրեթե նույն խոստումներն է տալիս, ինչո՞ւ եք վստահ, որ սպասումները կարդարացվեն, Մանվել Բադեյանն այսպես պատասխանեց. «Դուք Երևանում եք, ձեր աչքով պիտի տեսնեք, թե ոնց է փոխվում, ինչն է փոխվում, ձեր մաշկի վրա պիտի զգաք այդ փոփոխությունները: Հիմա ես Հայաստանում չեմ, էդ հարցերը ինձ չէ, որ պետք է տաք: Ես հիմա հեռու եմ…»:
Այնուամենայնիվ, դեսպանն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող փոփոխությունները դրական է գնահատում: