Տարեվերջին կունենանք 85-90 մլրդ դրամով թերակատարված բյուջե. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)
2016 թվականի 9 ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 6 տոկոսով, որ կազմում է շուրջ 53 մլրդ դրամ:
Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
Տնտեսագետի գնահատմամբ՝ տարեվերջին բյուջեի թերակատարումը 53-ից կհասնի մոտ 85-90 մլրդ դրամի:
«Սա արտացոլումն է այն տնտեսության, որը մենք ունենք: Ինչքան էլ որ մենք փորձենք ներկայացնել տնտեսական աճ և այլն, իրական կյանքում տնտեսություն չկա, չի աշխատում, հարկեր չեն հավաքվում, և դա մենք տեսնում ենք մեր առօրյա կյանքում»,- նկատեց Վահագն Խաչատրյանը:
Տնտեսական խնդիրների թվում Վահագն Խաչատրյանն առանձնացրեց ներմուծման տեմպերի նվազումը, ինչի հետևանքով նվազել է նաև քաղաքացիների գնողունակությունը:
«Այս պայմաններում պետք էր ստեղծված վիճակը կանխատեսել: Ես չգիտեմ՝ ինչից ելնելով էր, որ նախորդ տարվա բյուջեն հաստատելուց այսպիսի կանխատեսում չէր եղել, բայց փաստորեն ստացվեց այնպես, որ մենք ունենք մի բյուջե, որ պետք է չկատարվեր»,- ընդգծեց տնտեսագետը:
Անդրադառնալով նոր կառավարության որդեգրած քաղաքականությանը՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ կատարվող քայլերը ավելի շուտ իրավիճակային են:
Մանրամասները՝ տեսանյութում: