Կանադացի գիտնականները պնդում են, որ այլմոլորակային կյանքի ապացույցներ են գտել
Քվեբեկի համալսարանի գիտնականներ Էրմանո Բորան և Էրիկ Թրոտիերը պնդում են, որ ազդանշաններ են ստացել 234 այլմոլորակային քաղաքակրթություններից:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, 234 ազդակները նրանք ստացել են 2.5 մլն աստղեր ուսումնասիրելուց հետո, որոնցից շատերը գտնվում են նույն սպեկտրային դասում, ինչ և Արևը:
Աղբյուրը նշում է, որ դեռևս 2012-ին նրանք առաջարկել էին լազերային ճառագայթների միջոցով կապ հաստատել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ:
«Այդ ազդանշաններն ուղարկելը դուրս չէ մեր հնարավորության սահաններից: Ցանկության դեպքում մեր գոյության մասին տիեզերքին կարող ենք հայտնել Հելիոս տեսակի լազերի օգնությամբ», - մեկնաբանել է Բորան:
Մի շարք այլ գիտնականներ թերահավատորեն են վերաբերում այս տեսությանը: Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն Էնդրյու Սիմիոնի կարծիքով՝ ոչ մի նշանակալի ապացույց չկա աստղաֆիզիկայի ասպարեզում, որը կարող է խոսել Երկրից դուրս ինտելեկտի և բանական կյանքի գոյության մասին: