Կոռուպցիայի դեմ պայքարի համար կառավարության նոր ծրագրում ներառված են 3-ամսյա և 6-ամսյա իրականացման գործիքներ
ՀՀ կառավարությունը նպատակաուղղված գործելու է կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին նշված է կառավարության ներկայացրած ծրագրում, որը տեղադրված է e-gov.am կայքում:
Ծրագրում մասնավորապես գրված է, որ պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսևորումներ, վերացնելու համար գործադրվելու են առավելագույն ջանքեր:
Ըստ ծրագրի, խնդրի լուծման համար առաջին հերթին եռամսյա ժամկետում կատարվելու է «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում, երկրորդ հերթին՝ վեցամսյա ժամկետում, իրականացվելու է՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով, հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում, գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի օրենսդրորեն ընդլայնման և փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում, շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում, ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների իրականացում, կանխիկ գործառնությունների սահմանափակումը նախատեսող իրավակարգավորումների սահմանում:
Ծրագրում նաև գրված է, որ մեկ տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության է մշակվելու՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը։