Վերին Լարսի հարցի լուծումը պետք է լինի ֆունդամենտալ, ոչ թե իրավիճակային. Գագիկ Մակարյան
Վերին Լարսի խնդիրը պետք է լուծվի ֆունդամենտալ, ոչ թե իրավիճակային խնդիրներ լուծելով, եթե նոր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ծրագրում է մեծացնել ՀՀ տնտեսության և արտադրական ծավալները: Սա պետք է անել ամեն գնով` ճանապարհը պետք է «լայնացվի, պայթեցվի», բլուրներ սարքվեն կամ շրջանցող ուղիներ կառուցվեն:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` հավելելով. «Հետևաբար, քանակի մեծացմանը զուգահեռ պետք է լինեն համապատասխան ճանապարհներ, որոնք թույլ են տալիս դրանք արտահանել կամ դրսից բերել Հայաստան: Իսկ այս դեպքում, բոլորիս է հայտնի, որ Հայաստանի հնարավորությունները շատ սահմանափակ են. մենք օդային ճանապարհով ոչ բոլոր ապրանքները կարող ենք տեղափոխել, պրոբլեմատիկ է երկաթգիծը, հետևաբար, միակը մնում է ավտոճանապարհայինը, որի տարողունակության հարց կա, չհաշված մյուս խնդիրները»:
Հիշեցնենք, որ օրերս եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակվել էր Վերին Լարսի անցակետը, թեպետը ժամեր անց` ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
Նշենք, որ հայաստանյան մամուլը անդրադարձել էր Լարսի փակմանը այն հարցադրումներով, թե «քանի՞ կոպեկ արժեն» ԵՏՄ պաշտոնյաների հավաստիացումները (որոնք կրկին հնչեցին հոկտեմբերի 14-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովում) , եթե Լարսը Հայաստանի տնտեսության համար սեզոնային գործոն է դարձել և այդպիսով` «սեզոնային է» դարձնում Հայաստանի տնտեսությունը:
Իսկ գյուղատնտեսական ամենաթեժ սեզոնին, երբ ՀՀ-ից գյուղմթերքի լայնածավալ արտահանում էր իրականացվում, Լարսը շուրջ 20 օր փակ էր Թերեք գետի բարձրացման պատճառով:
Ինչևէ, Գագիկ Մակարյանը գտնում է, որ Լարսի սեզոնայնության գործոնը վերացնելու համար կառավարությունը պետք է հաշվարկի, թե այդ ճանապարհի հատկապես ո՞ր հատվածում են արձանագրվում կուտակումները և ինչպես պետք է վերացվեն:
«Ժամանակին խոսվում էր անգամ, որ դոնորների առկայության դեպքում այդ ճանապարհի մի մասը սպասարկվի նավերի վրա բեռներ փոխադրելով, հետո նորից ճանապարհը շարունակվի մեքենայով»,-ասաց նա:
Լարսի ճանապարհի բեռնաթափման մեկ այլ եղանակ էլ Գագիկ Մակարյանը տեսնում է նրանում, որ Հայաստանը «գիտական վերաբերմունք դրսևորի» և դասակարգում իրականացնի, թե հատկապես որ ապրանքների տեղափոխումն է մեր տնտեսության համար ավելի ձեռնտու։
«Որովհետև ամեն մեծության ու քանակի ջուր, հյութ, գյուղմթերք, ինչ-ինչ շատ լավ է, բայց ըստ իս, պետք է տեղափոխվեն ավելի հավելյալ արժեքով օժտված, փոքր ծավալների ապրանքներ»,-հավելեց ՀԳՄ նախագահը:
Ամենակարևորը, ըստ նրա, որ Կապի ու տրանսպորտի նախարարության պաշտոնյաներն ամեն գնով իրենց վրաց գործընկերների հետ այս հարցը պետք է կարգավորեն:
«Անիմաստ է սպասել, որ ռուսները դա պետք է անեն, վրացիները, պետք է միջկառավարական համաձայնագրով գանք համաձայնության, գնանք, մեր փողերով սարքենք»,-սա, ըստ Գագիկ Մակարյանի, միակ ելքն է:
Ըստ Գագիկ Մակարյանի հաշվարկների` դա կարժենա մոտ 10 միլիոն դոլար՝ ելնելով «Հյուսիս-հարավի տրամաբանությունից»:
Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, այսօր ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Սագանելիձեն «ցանկություն հայտնել էլ ավելի ընդլայնել հայ-վրացական համագործակցությունը» և հատկապես կարևորել Վերին Լարսի անցակետի մշտական անխափան աշխատանքը:
Ըստ Գագիկ Մակարյանի՝ նշված խնդրի շարունակականության դեպքում Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: