Կանադայի մարդու իրավունքների թանգարանում կայացել է Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի պրեմիերան
Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ համագործակցելով` Կանադայի «Հայ դատի» հանձնախումբը կազմակերպել է Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերայի ցուցադրությունը:
Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, «Խղճի գործողություններ. Արմին Վեգները և Հայոց ցեղասպանությունը» խորագիրը կրող ֆիլմը հոկտեմբերի 13-ին ցուցադրվել է Տորոնտոյի Հայկական երիտասարդական կենտրոնում: Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել համայնքի հարյուրավոր անդամներ, ինչպես նաև Կանադայում Գերմանիայի գլխավոր հյուպատոսը, կանադացի պատգամավորներ և հայ-կանադական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը:
Փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը քննարկումներ են հաջորդել հանրահայտ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ:
«Խղճի գործողություններ» ֆիլմը Ցեղասպանությանը նայում է գերմանացի ռազմական բժիշկ Արմին Վեգների աչքերով, ով լուսանկարել և վավերագրել էր հայերի դեմ իրագործված վայրագությունները Օսմանյան կայսրության օրոք: