Սաուդյան Արաբիայում առաջին անգամ մահապատժի են ենթարկել արքայազնի
Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել արքայազն Թուրքի բին Սաուդ ալ-Քաբիրը: BBC-ի հաղորդմամբ` Թագավորության պատմության մեջ առաջին անգամ մահապատիժ է իրականացվում թագավորական ընտանիքի անդամի նկատմամբ:
Մահապատժի իրականացման մասին հաղորդում է երկրի ԱԳՆ-ն: Ալ-Քաբիրի մահապատիժը հաստատել են Սաուդյան Արաբիայի գերագույն և վերաքննիչ դատարանները: Մահապատիժը լիազորված է եղել նաև թագավորական հրամանագրով:
2014-ին դատարանը արքայազն Թուրքի բին Սաուդ ալ-Քաբիրին մեղավոր է ճանաչել մայրաքաղաք Էր-Ռիադի մոտակայքում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի ժամանակ Սաուդյան Արաբիայի քաղաքացու սպանության համար:
Սպանվածը, ինչպես պարզվել էր ծեծկռտուքից հետո, արքայազնի ընկերներից է եղել: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` ոստիկանություն կանչել էր ինքը Ալ-Քաբիրը, որից հետո էլ նրան ձերբակալել էին:
Սաուդյան Արաբիայում գործող Շարիաթի համաձայն` մահապատիժ է սահմանվում սպանության, թմրավաճառքի, զինված կողոպուտի, բռնաբարության և սրբապղծության համար: