Հայտարարել ենք, որ աջակցում ենք Քրիստ Մարուքանին. ՕԵԿ պատգամավորը պնդում է՝ կպահեն ԼՀ-ին սատարելու խոստումը
ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է 2008 թվականի «Մարտի 1»-ին կայացրած որոշման նման այս անգամ էլ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը «քաշի» և Վանաձորում փակ քվեարկությանը չքվեարկի հօգուտ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համարի:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը 2008-ին դարձավ կոալիցիոն գործընկեր իշխանությանը:
Մհեր Շահգելդյանը նախ նշեց, որ բազմիցս են ասել, իրենց այդ 2008թ. այդ որոշումը պայմանավորված էր հասարակության շահերով, որ հնարավոր լինի խուսափել ավելի վատ հետևանքներից:
«Ինչ վերաբերում է ներկային, մենք մեր մոտեցումը ֆիքսել ենք ու ասում ենք, որ պաշտպանում ու աջակցում ենք «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին ու համագործակցության մեջ ենք նրանց հետ»,-ասաց նա:
Շահգելդյանը նշեց, թե իրենք հայտարարել են, որ աջակցում ենք Քրիստ Մարուքանին: «Մնացած ցուցակները հայտնի են, ու կտեսնեք արդյունքները»,-ասաց նա:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ «Հայկական վերածնունդը» և ԲՀԿ-ն Վանաձորում սատարելու է «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին:
«Այն, որ հասարակությունը դրական է ընդունում 3 քաղաքական ուժերի միջև համաձայնության փաստը, ու որ վիրտուալ դաշտը աջակցություններով է լցված, միանշանակ է: Միանշանակ է նաև, որ մենք աջակցում ենք Քրիստ Մարուքյանին»,-ասաց նա:
Ճշտող հարցին՝ ՀՎԿ-ի ավագանու բոլո՞ր անդամներն են աջակցելու Քրիստ Մարուքյանին, պատգամավորն ասաց. «Ինձ համար անհասկանալի է, մենք կուսակցական կարգով, բոլոր մոտեցումներով քվեարկելու ենք այնպես, ինչպես հայտարարել ենք։ Սա մեր մոտեցումներն են, և մենք կանգնած ենք ու անելու ենք ամեն ինչ մեր մոտեցումների համար»: