Մարդ արարածն այլևս չի կարող Հալեպում ապրել. մի խումբ հալեպահայեր ժամանեցին Երևան
Մի խումբ սիրիահայեր այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում էին Դուբայի չվերթով Հայաստան մազապուրծ եղած հալեպահայերի 3 ընտանիքների:
Արդեն Հայաստանում գտնվող ազգականների հետ ողջագուրվելուց հետո մանկահասակ երեխաներով ու մանկասայլակներով երևան ժամանած ընտանիքի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մերսի շատ մեզի հոս հասցնելու համար, չենք գիտեր` մեզի ով օգնեց, բայց օգնեց»։
Ընտանիքը Հալեպից դուրս է եկել չորեքշաբթի առավոտյան, որտեղից մեկնել են Լիբանան:
Հարցին, թե ինչ վիճակ է Հալեպում, տղամարդը պատասխանեց. «Շատ վատ է, մարդ արարածն այլևս չի կարող Հալեպում ապրել, ամեն վայրկյան ռումբ կա»:
Նա պատմեց, թե ինչու որոշ սիրիահայեր դեռ շարունակել են այդ պայմաններում ապրել Հալեպում: Մեկը տարեց ծնողներ ունի, մյուս կողմից էլ նյութական ոչ բարվոք վիճակում գտնվողները, հնարավորություն չունենալով ինքնուրույն տեղափոխվել, սպասում են այդ հարցում օգնության:
Սիրիահայը հույս ունի, որ այստեղ՝ հայրենիքում «հարմար մը գործ» կգտնեն:
Մի տարեց կին էլ պատմեց. «Վիճակը գեշ է, ամեն մարդ մեռել է: Աս է»: