Ֆրանսիայում արգելել են բացօթյա վայրերում նարգիլե ծխելը
Ֆրանսիայում բուրկա կրելու արգելքից հետո որոշել են նաև արգելել նարգիլե ծխելը, գրում է The Times-ը:
Ֆրանսիայի հարավում գտնվող շուրջ 4 շրջանի իշխանություններ արգելել են բացօթյա հանրային վայրերում նարգիլե ծխելը:
Ֆրանսիայի Կարրո շրջանի ղեկավար Չարլզ Սկիբետան հայտնել է, որ որոշումը կապված է ավելի շատ հասարակական և առողջապահական խնդիրների հետ և չի կարող դիտվել որպես կրոնական խտրականություն մահմեդականների նկատմամբ:
Մինչդեռ Ֆրանսիայի մահմեդականներն այլ կարծիքի են:
22-ամյա Համդի Շեբլին, որ ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից է, հրապարակայնորեն այս որոշումն անվանել է «հիմար և անարդար»: Շեբլին նշել է, որ նա նամակ է ուղարկել շրջանի իշխանություններին, որտեղ պահանջել է վերանայել այս որոշումը, սակայն նրան մինչ օրս չեն պատասխանել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել երկրում բուրկա կամ փարանջա կրելն արգելող օրինագծին:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համաձայն ընդունված օրինագծի` 150 եվրոյով կտուգանվեն բոլոր նրանք, ովքեր բուրկա կամ փարանջա կկրեն հասարակական վայրերում, 1 տարի ազատազրկման կդատապարտվեն և 30 հազար եվրոյով կտուգանվեն նրանք, ովքեր կստիպեն երկրորդ անձին բուրկա կրել:
Ֆրանսիայում ցեղապաշտության դեմ պայքարող միությունները դեմ են այդ օրինագծին: Ենթադրվում է, որ Ֆրանսիայում այսօր բնակվում է բուրկա կամ փարանջա կրող մոտ 2000 կին: